Վանաձորի ամենահին այգին նորի երազանքով

Տասնամյակների ձախողումներից հետո Քիմգործարանի այգու գործունեությունը կվերականգնվի:

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգին քաղաքում ամենահինն է։

Այգին հիմնադրվել է 1935թ-ին Քիմիական գործարանի անմիջական հարևանությամբ։

Անցյալ դարակեսին Քիմիական գործարանի և այգու շուրջ կառուցված բազմաբնակարանային շենքերի խիտ թաղամասում կյանքն ավելի էր եռում, քան Վանաձորի կենտրոնում։

«60-ականների վերջին ու 70-ականների սկզբին, երբ 10-12 տարեկան էի, ծնողներիս հետ գնում էինք քաղաքային զբոսայգի: «Սատանի ակ» կարուսելն էին նստեցնում՝ ինձ իրենց մեջտեղում առած, ես էլ հենց հասնում էինք ավելի վերեւ, աչքերս պինդ փակում էի․․․Կարող էր հանկարծ կարուսելի անսարքությունն այդ ժամանակ բռնել ու մի քանի րոպե վերեւում անիմաստ ճոճել։ Ինձ ավելի շատ դուր էին գալիս գետնից ավելի քիչ բարձր կարուսելները։»
Գայանե Հովսեփյան
Լրագրող, պոետ
Թեև տարածքում 1950թ-ից գործում է մշակույթի պալատ, այժմ հանրային այգում կյանքը կանգ է առել։
1988թ-ի երկրաշարժից մոտակա շենքերի մեծամասնությունը քանդվեց: Հետագայում այստեղ առաջացած տնակային ավանից բնակիչներին տեղափոխեցին նորակառույց Տարոն թաղամաս։
Այգում մի քանի տասնամյակ գործող կարուսելները կանգնեցին 1996-1997թթ․ հետո։
Ժամանակի ընթացքում կարուսելներն ու նստարաններն անհայտացան կամ վերածվեցին մետաղաջարդոնի։
2005-2006թթ-ին այգին 50 տարով վարձակալվեց անհատի կողմից, բարեկարգվեց, բերվեցին նոր կարուսելներ։
Չորս տարի անց, այգու վարձակալի մահվանից հետո, այն կրկին մատնվեց անգործության և ավերվեց։
Վանաձորի քաղաքապետարանն այստեղ նախատեսում է ստեղծել սմարթ այգի։
Նախատեսվում է ապահովել անլար ինտերնետ, լիցքավորման կետեր, ձայնային համակարգ, իսկ նախկին ջրավազանը՝ շատրվան դարձնել:
Այգու տարածքում 15 տարի գործող շախմատի դպրոցի մոտ կտեղադրվի ինտերակտիվ շախմատի տախտակ։
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի խոսքով, 2,6 հա այգին սուբվենցիոն ծրագրով բարեկարգելու համար դիմելու են կառավարությանը։
Այգու բարեկարգման նախնական բյուջեն 170 միլիոն դրամ է։