Մեղրիի բնակիչները հանրային մեծ դժգոհությունը հանրագրով ներկայացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի արդյունքում Լիճքի հանքի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է: 
 Այժմ հանքավայրի շահագործման հարցը քննվում է ՀՀ վարչական դատարանում: Հայցվորը՝ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն, պահանջում է չեղարկել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը, քանի որ հանքավայրի մի մասը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է: 
 Սակայն Լիճքի գյուղացիներից շատերը վաճառել են իրենց հողատարածքները ընկերությանը: Գյուղի բնակիչներից Իշխան Պողոսյանը պղնձի հանքի դեմ պայքարողներից է: Նա չի լքել գյուղը և չի վաճառել իր սեփական հողատարածքները: 
 «Մեղրիի համայնքապետարանը առել է գյուղացիներից հողատարածքները և վարձակալությամբ տրամադրել հանքը շահագործող ընկերությանը՝ տարեկան 18 միլիոն դրամի դիմաց: Բա 18 միլիոնի համար գյո՞ւղ են քանդում: Հենց ավագանու նիստի ժամանակ են հայտարարել»,- ասում է Իշխան Պողոսյանը: 
 Մինչդեռ Մխիթար Զաքարյանը նշում է, որ գյուղացիներն այդ հողերը չէին մշակում, իսկ Մեղրի տարածաշրջանում գյուղատնտեսությունը զարգանում է Արաքսի ափամերձ հովտում գտնվող գյուղերում: 
 «Էդ հողերի բնակիչները իջել են Մեղրիում ու Ագարակում են ապրում հիմնականում՝ հողերն անմշակ թողնելով: Երիտասարդությանը տեղում պահելու, բնակչությունը ավելացնելու ամենակարճ ու երաշխավորված ճանապարհը հանքարդյունաբերության զարգացումն է»,- նշում է Մեղրի համայնքի ղեկավարը: 
 Նա համոզված է, որ մեկ տարի հետո Լիճք գյուղը բանավանի կվերածվի: Օրինակ է բերում Ագարակ քաղաքը, որը ժամանակին ստեղծվեց Ագարակի պղնձամոլիբդենային հանքի աշխատելու արդյունքում: Այսօր Ագարակի բնակչությունը հասնում է 5000-ի: 
 «Ամենափոքր հանքարդյունաբերական ձեռնարկությունը աշխատելուց հետո ինքն իր մուլտիպլիկատիվ էֆեկտը ունենում է, ասեմ, որ դա անգամ ազդելու է Լիճքի հարևանությամբ գտնվող Տաշտուն գյուղի վրա: Անկեղծ ասած, էնտեղ ապրելու ուրիշ տարբերակ էլ չեմ տեսնում: Պատրաստվում ենք Լիճքում նոր մանկապարտեզ կառուցել 20 երեխայի համար, ճիշտ է՝ էս պահին երկու երեխա է, բայց համոզված եմ, որ մյուս տարի էդ թիվը կհասնի 20-ի»,- վստահեցնում է Մխիթար Զաքարյանը:
 «Մանկապարտեզն ո՞ւմ համար են սարքում, որ ո՞ւմ էրեխան գնա, երբ մարդ չկա: Գյուղից մի քանի հոգի մարդ են ընդունել, որ բերանները փակեն: Էս աշխատատեղ բացել չէ, էս գյուղը ոչնչացնել է, բայց չէ՞ որ մեր պապերը էս ժառանգությունը թողել են, որ մենք ապրենք էստեղ, ոչ թե մի փողատեր գա ու մեզ ասի՝ գնացեք: Նախիջևանը մեզնից 5 կմ է հեռու, պատերազմի ժամանակ պայքարել ենք, սահման ենք պահել, որ էսօր մեզ մեր տնից հանե՞ն: Էս ազգային անվտանգության խնդիր է, պետությունը պետք ա սրա դեմն առներ ու թույլ չտար»,- ասում է Իշխան Պողոսյանը: 
Լիճքի դպրոցը երկու աշակերտ ունի, դպրոցի ուսուցիչները նշում են, որ տարիներ առաջ աշակերտների թիվը հասնում էր 40-ի: «2008-ին 26 աշակերտ ունեինք, տարեցտարի նվազեց: Փախել են բոլորը», - ցավով ասում են Լիճքի դպրոցի ուսուցիչները: