Իջևանի կաթի թթված ճանապարհը
Ինչպես կիսակառույց ճոպանուղին կերպարանափոխվեց երիտասարդների ձայնի հարթակի։
Իջևան քաղաքի մարզպետարանի անմիջական հարևանությամբ ռոբոտի գլուխ հիշեցնող կառույցը ֆուտուրիստական քանդակ չէ, այլ անավարտ ծրագրի լքված ավերակ։
Ուսանողական փողոցի սկզբնամասում գտնվող բետոնի և մետաղական կոնստրուկցիաների կույտը 1980-ականների վերջին պետք է դառնար ճոպանուղու կայան։
Խորհրդային տարիներին Իջևանի քաղաքային զարգացման նախագծերի ղեկավար Ջեմմա Անանյանը 1957թ-ից տարբեր պաշտոններ է ունեցել։ Նրա մտահղացմամբ է խորհրդային ամենահայտնի ճարտարագետին պատվիրվել ճոպանուղու նախագիծ` Իջևանի համար:
Վրացի ճարտարագետ Վախթանգ Լեժավայի նախագծերով Խորհրդային միությունում 20-ից ավելի ճոճանակի սկզբունքով աշխատող ճոպանուղի կառուցվեց։ 1939 թ-ին Երկրորդ աշխարհամարտի կամավոր Վախթանգը եղել է Եվրոպայում:
Ճարտարագետի դստեր՝ Իրինա Լեժավայի հուշերում նշվում է, որ հենց ճակատում նա առաջին անգամ ճոպանուղի տեսավ։
Լուսանկարում՝ Վախթանգ Լեժավան /աջից/։
Լուսանկարի աղբյուրը՝ https://partygorsk.com/
Հետագայում ճարտարագետը դարձավ Վրաստանի ճոպանուղիների նախագծման ինստիտուտի գլխավոր նախագծողը։ Վախթանգ Լեժավան 5 գյուտարարական պատենտ է ստացել։ Հայաստանում նրա հեղինակած ճոպանուղիներից օգտվում էին Ալավերդու, Հաղարծինի և Երևանի բնակիչները։
Լուսանկարում` Վախթանգ Լեժավայի համահեղինակած նորարարություներից։
Լուսանկարի աղբյուրը՝ http://patents.su/
Քաղաքի կենտրոնը հանդիպակաց լեռան բարձունքին միացնելու նպատակներից էր տուրիզմի զարգացումը։ Լեռան վրա կառուցվելիք ռեստորանից հնարավոր կլիներ տեսնել Իջևանի բոլոր անկյունները։
Ճոպանուղու ստեղծման մյուս նպատակն էր ալպիական մարգագետիններում անասնաբուծության զարգացումը և ոլորապտույտ ճանապարհների փոխարեն օդային ուղիով կաթի տեղափոխումը։ Այդպես կնվազեր կաթի որակի կորուստը։
Ստորին և վերին կայանների միջև եղած բլրի պատճառով երկթռիչքային նախագծված ճոպանուղին պետք է ունենար 1,6կմ երկարություն։
Ճոպանուղու աշտարակը
Ճոպանուղու վերին կայանը
«Ջեմմա Անանյանը շատ մեծ դժվարությամբ վերևներից գտավ անհրաժեշտ գումարը ճոպանուղու նախագծի համար», - պատմում է Տավուշի գլխավոր ճարտարապետ Միսակ Մելքումյանը։
Իջևանի ճոպանուղու ստորին, վերին կայանները և հենասյուներն արդեն կառուցված էին, սակայն մոնտաժային և վերջնական երեսպատման աշխատանքներն ընդհատվեցին Խորհրդային միության փլուզմամբ։
Տավուշի գլխավոր ճարտարապետ Միսակ Մելքումյանի խոսքով՝ բերված և պահեստավորված ամբողջ գույքը փոշիացավ մինչև վերջին պտուտակը։
Կիսակառույց ստորին կայանի` համայնքին պատկանող շենքի կողքով հարյուրավոր ուսանողներ են անցնում. հարևանությամբ գտնվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Իջևանի Ինֆոտան երիտասարդների համար խարխուլ բետոնե կառույցը դարձավ կարևոր խնդրի բարձրաձայնման հարթակ։
Տավուշի գլխավոր ճարտարապետի խոսքով, 2018թ-ին հրավիրյալ շվեյցարական փորձագետների եզրակացության համաձայն, կայանի շենքը հետագա շահագործման համար պիտանի չէ։ Ավելի շահավետ կլինի նորի կառուցումը, քան լքված կիսակառույցի ամրացումը։
Փորձագետները նաև խորհուրդ տվեցին նախագծի վերականգնման դեպքում կայանի շենքը կառուցել քաղաքի սկզբնամասում: Այսպես ճոպանուղին կդառնար միաթռիչք։
Սակայն նշված նախկին հանրային տարածքում այժմ կառուցվում են ժամանակակից ատրակցիոններ: Առանձին ճոպանուղի նախատեսված չէ։