Այդ օրվանից սարը կոչել են Լաստի խութ՝ «լաստ-նավի» բլուր: Այս սարը նաև հաճախ ասոցացվում է Մետաքսի ճանապարհի հետ։ Ասում են՝ քաղաքի կատակասեր տղաները մի օր նստում են տաքսի ու որոշում վարորդի հոգու հետ խաղալ․ «Ուստա, քյիշի Հնդկաստան», սա էլ, թե՝ «Աշկիս յիրա, տղերք»։ Վարորդը տանում-հասցնում է Լաստի խութ սարի ստորոտն ու ասում «Տղերք, սրանա տենը օխտավ եք քյինալու» (Տղերք, սրանից դենը ուղտով եք գնալու):
Նկատելի է, թե տատիկս ինչպես է քաղաքը դիտարկում ֆունկցիոնալ տեսանկյունից. նա նշել է այնպիսի վայրեր, ինչպիսիք են՝ «Ծիածան» խանութը, ծաղկի սրահ, տաք հացի փուռ, ալրաղաց և այլն։ Սրանք քաղաքում այսօր էլ հասանելի ծառայություններ են, որոնք առանցքային են տատիկիս մտավոր քաղաքում։ Ավելի մեծածավալ և հետազոտական, խիստ նորմերին համապատասխանող ուսումնասիրությամբ կարելի է ստուգել վարկած, ըստ որի քաղաքի համեմատաբար տարեց բնակիչների մտավոր քարտեզներում կան այլևս գոյություն չունեցող և հիշողության վերածված օբյեկտներ։