Էներգաարդյունավետ շենքեր.
խնայելու դանդաղ ճանապարհը
Էներգաարդյունավետ նորակառույցների վերաբերյալ վիճակագրություն չի իրականացվում, որեւէ մարմին ջերմամեկուսացման աշխատանքները չի վերահսկում։
ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՇԵՆՔԵՐ.
ԽՆԱՅԵԼՈՒ ԴԱՆԴԱՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Էներգաարդյունավետ նորակառույցների վերաբերյալ վիճակագրություն չի իրականացվում, որեւէ մարմին ջերմամեկուսացման աշխատանքները չի վերահսկում։
Ուրբանիստա
խմբագրական
Հայաստանի բնակֆոնդի մեծ մասը, հատկապես քաղաքային վայրերում, բաղկացած է պանելային շենքերից, որոնք կառուցվել են նախքան անկախացումը։ Այս շենքերը կառուցվել են չնչին ջերմամեկուսացմամբ, և քչերն են էականորեն վերանորոգվել հետագայում։
Բացի այդ, շենքերի էներգաարդյունավետության, հետևաբար հարմարավետության մակարդակը շատ ցածր է եվրոպական և միջազգային ստանդարտներից։ Էներգաարդյունավետ շենքերը քիչ էլեկտրաէներգիա են սպառում, սակայն միայն այն դեպքում, եթե ճիշտ են կատարվել ջերմամեկուսացման շինարարական և ինժեներական աշխատանքները:

Եվրոպայում շուրջ երկու տասնամյակ տարածված են էներգաարդյունավետության Effinergie, Minergie и Passivhaus ստանդարտները: Դրանց կիրառմամբ բնակարանաշինությունը թանկանում է մոտ 5-15 տոկոսով:

Սակայն, միևնույն է, կիրառությունը չի դադարում, քանի որ հետագայում մեծապես շահում են` էլեկտրաէներգիայի խնայողությամբ: Ծախսերը պակասում են շուրջ երեք անգամ: Այժմ մշակվում են միջազգային նոր չափանիշեր, որոնց շնորհիվ տները ոչ միայն չեն սպառում, այլև արտադրում են էներգիա: Օրինակ, Bepos-Effinergie ստանդարտը: ԵՄ անդամ երկրների կողմից ընդունված սիստեմը EPBD-ն է:

Այս գնահատման համակարգերը տարբեր եվրոպական երկրներում պաշտոնապես ընդունված ստանդարտներ են:

Էներգաարդյունավետության ստանդարտները կիրառվում են թե նոր շինարարության, թե հին շենքերի վերանորոգման ժամանակ: Երկու դեպքում էլ հաշվի են առնվում թե էներգաարդյունավետությունը, թե բնապահպանական մոտեցումները:

Հայաստանի մարզերում վերջին 20 տարում կառուցվել է 334 բազմաբնակարան շենք: Երեւանում օր օրի ավելացող նորակառույցների թվի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա, սակայն առավել դժվար է ասել, թե այս շենքերից քանիսի դեպքում են ապահովված էներգախնայողության մեխանիզմները։ Շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ վիճակագրություն կամ վերահսկողություն չի իրականացվում։
Էներգաարդյունավետությունը
բնակելի վերանորոգված շենքերում
Հայաստանի միակ ամբողջովին էներգախնայող տիպային ինը հարկանի շենքի (36 բնակարան) օրինակով
Մինչև
Էլեկտրաէներգիայի ծախս` 178կՎտհ/մ2 տարեկան
CO2 արտանետումներ՝ 91 տ/տարի
Ջեռուցուման ծախս` 620 ԱՄՆ դոլար բնակարան/տարի
Հետո
Էլեկտրաէներգիայի ծախս` 74կՎտհ/մ2 տարեկան
CO2 արտանետումներ՝ 31 տ/տարի
Ջեռուցուման ծախս` 255 ԱՄՆ դոլար բնակարան/տարի
60%
Բարձրացել է էներգաարդյունավետությունը
Աղբյուր` UNDP
Օրենսդրական կարգավորումը
2013թ.-ին ՄԱԿ-ի զարգացման «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի առաջարկով փոփոխություններ են կատարվել «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի մասին» ՀՀ օրենքում։

2016 թ.-ին հաստատված փոփոխություններով նշվում է, որ նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները:

Այսինքն, յուրաքանչյուր կառուցվող շենք պետք է ենթարկվի օրենքի պահանջներին։ Էներգաարդյունավետ շենքերը պետք է ունենան էներգետիկ անձնագիր, որը հաստատվել է Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից։

Մինչդեռ պարզ չի՝ ո՞ր ստանդարտներով կառուցեն, եթե չկան ո՛չ պետական պաշտոնական ստանդարտները, ո՛չ էլ հսկող մարմինը:
Թեեւ ՄԱԶԾ-ը առաջարկում է խորհրդատվություն կառուցապատողներին եւ սահմանում է էներգաարդյունավետության ստանդարտներ, փոխանցում գիտելիքներ, այնուամենայնիվ վերահսկողություն չի իրականացնում։
Էներգաարդյունավետության
բարձրացման միջոցները
Շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը հիմնականում ֆինանսավորում են դոնոր կազմակերպությունները, որոնց նպատակն է բարեկարգել խորհրդային ժամանակներում կառուցված եւ արդեն մաշվածություն ունեցող շենքերը։

Շենքի ջերմամեկուսացումը բարելավելով հնարավոր է նվազեցնել էներգիայի կորուստը 50-80%-ով։ Ամեն տարի ջեռուցման վրա ծախսվող էներգիայի մեծ մասը վատնվում է չջերմամեկուսացված պատուհանների, ֆասադների, պարփակող կոնստրուկցիաների կամ ընդհանուր օգտագործման տարածքների՝ նկուղների ու ձեղնահարկերի պատճառով։ Հանգույցները, որոնցով տեղի է ունենում ջերմության կորուստը, կոչվում են ջերմային կամուրջներ:
Էներգախնայողությունը շենքում
15% - 25%
30% - 40%
10% - 20%
5% - 15%
5% - 10%
Դռների և պատուհանների շուրջը եղած անցքեր
Վերջին հարկի տանիք կամ առաստաղ
Արտաքին պատեր (շենքի երեսպատում), պատուհաններ և դռներ
Նկուղի առաստաղ
Պատերի և տանիքի պատերի միջև եղած ճեղքեր
10% - 20%
Ջերմային կամուրջներ (հատկապես պատշգամբներում)
Տվյալները` ըստ http://taqtun.am/ կայքի
2012-2018թթ.-ին «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա» հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Եվրամիության ֆինանսավորմամբ Երեւանում եւ մարզերում շենքերի բարեկարգման եւ էներգաարդյունավետության ծրագրեր են իրականացվել, որի արդյունքում 87 շենք դարձել է էներգաարդյունավետ, 42-ը՝ Երեւանում, 45-ը ՝ մարզերում։
Մարզերում 45 շենքի էներգաարդյունավետության ծրագրերն իրականացվել են Վայքում եւ Սպիտակում: Երկուսը հանրային նշանակության շենքեր են, մնացածը՝ բնակելի։ Երեւանում էներգաարդյունավետ դարձած շենքերը բազմաբնակարաններ են։

Երեւանի քաղաքապետարանը հանդիսանում է ծրագրերի գործընկեր: 2014-ին կնքվել է հուշագիր ՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման համար: Հիմնադրամի գործընկեր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հատկացրել է ֆինանսավորման 70%-ը, իսկ 30%-ը սուբսիդավորել է համայնքը։ Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման վերաբերող մեկ այլ հուշագրով համայնքը սուբսիդավորել է ծախսերի 40%-ը։

Այս ծրագրերի ընթացքում վերանորոգում եւ շենքի էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքներ են իրականացվել 25 բազմաբնակարան շենքում։
Ամբողջությամբ
էներգաարդյունավետ
միակ բնակշենքը
2013-2014թթ.-ին Երեւանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման» ծրագրով աշխատանքներ է իրականացրել Ավանի Դ. Վարուժան 6 բազմաբնակարան շենքում: Ամբողջ շենքի բոլոր արտաքին մակերևույթներն են ջերմամեկուսացվել: Արտաքին պատերին ջերմամեկուսիչ նյութ է տեղադրվել, փոխվել են դռներն ու պատուհանները, ջերմամեկուսացվել է տանիքը, պատուհաններ են տեղադրվել շենքի նկուղային հարկի բացվածքներում։
2017թ.-ի հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը։ Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հաստատվել է ԿԿՀ-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարով: Ծրագիրն ուղղվելու է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ ապահովելով առավել խոցելի տնային տնտեսությունների համար ծախսերի մատչելիություն։ Սա երկրորդ ծրագիրն է, որն ուղղված է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը, առաջին պիլոտային շենքը Ավանի Վարուժան 6 բազմաբնակարանն է։

Այս շենքի էներգաարդյունավետության ապահովումն իրականացվել է քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, բնակիչները չեն մասնակցել ծրագրի ֆինանսավորմանը։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ շենքն ամբողջությամբ ջերմամեկուսացվել է։ ՄԱԶԾ դիտարկմամբ՝ Էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո շենքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կառավարարությունը շարունակում է աշխատանքը:
2020
թվականի ընթացքում
15
համայնքներում
125
շենքի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ են պլանավորված
82
շենքում ամբողջությամբ էներգաարդյունավետության արդիականացում կկատարվի
Մինչեւ 2020թ.-ը, բացի այս մեկից, այլ բազմաբնակարան շենքում չի իրականացվել էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանք: 2020թ.-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում են ՀՀ 15 համայնքներում՝ Սպիտակում, Ախթալայում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Աշտարակում, Գյումրիում, Դիլիջանում, Իջեւանում, Բերդում, Քաջարանում, Սիսիանում, Վեդիում, Նոր Գեղիում եւ Արգելում շուրջ 125 շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ:

Այս շենքերից 82-ում ամբողջությամբ էներգաարդյունավետության արդիականացում կկատարվի, իսկ մնացածում` տանիքների եւ մուտքերի ջերմամեկուսացում։ Ֆինանսավորման մոտ 30%-ը վճարելու է բնակիչը կամ համատիրությունը։ Մնացած մասը՝ պետությունը եւ դոնոր կազմակերպությունը։
Կառուցապատողի տեսակետը
Կառուցապատող որոշ ընկերությունների ՄԱԿ-ի ծրագիրը դրդեց մտածել էներգախնայող շենքեր կառուցելու ուղղությամբ: Օրինակ, «Ռենշին» ընկերության կառուցված շենքերից մեկն ունի էներգաարդյունավետության անձնագիր, որը տրամադրվում է նախագծային փուլում` ՄԱԶԾ-ի կողմից։

«Երբ ծանոթացանք ՄԱԿ-ի ծրագրի հետ, հասկացանք, որ ցանկանում ենք մեր շենքը կառուցել որպես էներգաարդյունավետ», - ասում է «Ռենշին» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լեւոն Կասպարովը։ Անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին՝ նա նույնպես նշում է վերահսկող կառույցի բացակայությունը։

Էներգաարդյունավետ շենքն արտաքնապես որեւէ ձեւով չի տարբերվում, սակայն եւ ձմռանը, եւ ամռանը պահպանում է էներգետիկ ռեսուրսները։ Արտաքին պատերը երեսպատված են ջերմամեկուսիչ նյութերով, տանիքը եւ առաջին հարկի տակը ջերմամեկուսացված է, ապակիները եւս երեսպատված են ջերմամեկուսիչ շերտով։ Սակայն, դեռեւս ոչ մի ուսումնասիրություն չի եղել նորակառույց որևէ շենքում՝ պարզելու՝ ինչպես է կատարված աշխատանքն ազդել բնակիչների գրպանների վրա։
«Ռենշին» ընկերության կողմից կառուցված էներգախնայող շենքը
Կասպարովը պնդում է, որ թեեւ էներգաարդյունավետության պատճառով բնակարանի ինքնարժեքը որոշ չափով թանկանում է, սակայն վաճառքի խնդիր չեն ունեցել. կես տարվա ընթացքում վաճառել են շենքի 170 բնակարանները։ Ավելի նկատելի է եղել էներգաարդյունավետության մասին մանրամասն տեղեկացվածության բացակայությունը: «Կան մարդիկ, որոնք անգամ չգիտեն էլ, թե ինչ է էներգաարդյունավետությունը, իրազեկվածության պակաս ունեն, մնացածն էլ բառը կարդացել են, բայց պատկերացում չունեն՝ դա ինչ է», - նշեց Լեւոն Կասպարովը՝ հավելելով, որ դաշտի կարգավորման խնդիրը դեռեւս լուծված չէ։

Օրեցօր աճող բազմաբնակարան շենքերի հետ մեկտեղ ավելանում են նաեւ դրանց արդիականացման վերաբերյալ քննարկումները, սակայն իրականացվող աշխատանքները պետության կողմից չեն կարգավորվում, իսկ ֆինանսական բեռը մնում է դոնոր կազմակերպությունների եւ բնակիչների ուսերին։ Էներգաարդյունավետության վերաբերյալ խոսակցությունները պետական մակարդակով շարունակվում են, սակայն աշխատանքը դանդաղ տեմպերով է առաջ գնում։
~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:

ավելին